Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…
Առաջադրանքներ․
- Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
Անգութ — գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ, անխիղճ
Գերաններ – ծառի փայտեր
Գոմեր — ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս
Մարագներ — հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց
Լուծ – ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը
Սամ – օղակ որը գցում են կենդանու վզին:
- Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։
փայտից կրակ են անում, տունն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում – տնարարություն, խոհարարություն
գյուղատնտեսություն
կահույքագործություն:
- Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
Կրակ ստանալու համար, փայտը փոխարինում ենք գազով:
- Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։
Այո, ծառերի գանգատը տեղին է: Մարդիկ հաճախ անխնա կոտորում են, կոտրում, փչացնում ծառերը: Ուտում ենք միրգը առանց մտածելու, թե ով է այն մեզ տալիս:
Մենք պետք է շատ ծառեր տնկենք և լավ խնամենք:
5. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը:
Ամռանը մենք ընտանիքով գնացել էինք հանգստանալու քաղաքից դուրս: Բնության գրկում մենք սկսեցինք զրուցել ծառերի անհրաժեշտության մասին: Մենք ծառերից անհրաժեշտ իրեր ենք ստանում, — ասաց հայրիկս:
— Մրգատու ծառերը մեզ մրգեր են տալիս, — շարունակեց մայրիկս:
— Երբեմն մարդիկ անխնա կոտորում են ծառերը, — ասաց տատիկս:
— Ծառերը մեզ տալիս են թթվածին, առանց որի մենք չենք կարող ապրել, — ասացի ես:
Միասին զրուցելով հասկացանք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է տնկի գոնե մեկ ծառ:
Որ հետագա սերունդները միրգ ունենան, կարողանան փայտից անհրաժեշտ իրեր պատրաստեն: Եվ քանի որ առանց թթվածնի հնարավոր չէ ապրել, պետք է շատ ծառեր տնկել: