Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..
Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…
Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իմա՞լ կեղնի..
Ինքը` այստեղ, հողն` այնտեղ
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…
1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։
Ունկ — ականջ
կսկծալ — մղկտալ
մախաղ — խուրջին
ուխտ — երթում
անմեկին — անբացատրելի
խև — խելառ
խռովք — վրդովմունք
2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։
իմալ — ինչպես
քելե — արի
3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։
Կորսված հայրենիքը:
4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը միամիտ գյուղացու և սահմանների գոյության մասին է:
5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։
Լեռնային, փոքր, քարքարոտ, մասնատված, կորսված| սիրելի, հարազատ, պայքարող, բիբլիական, ցանկալի:
6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։
Ես կներկայացնեի իմ երկիրը իր զավակներով, թե ինչքան տառապանքների ու զրկանքների միջով է անցել, բայց կանգուն է մնացել: Տվել է արժանավուն զավակներ աշխարհին, որոնք բարձրացրել են իր անունը: