Մարդու կատարած ընտրությունները հաճախ ազդում են ոչ միայն իր անձնական կյանքի, այլև շատ ավելի լայն շրջանակների վրա։ Երբեմն մեկ որոշումը կարող է փոխել մարդկանց ճակատագրերը, իսկ երբեմն նույնիսկ ազդել մի ամբողջ ժողովրդի ապագայի վրա։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մարդու արարքներն ու կայացրած որոշումները։
Մարդու ընտրությունը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ իր և շրջապատի ճակատագրի վրա։
Դա կարող ենք տեսնել Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպում։ Ստեղծագործության գլխավոր հերոսը երկար տարիներ բանտում էր անցկացրել՝ հանուն Վասիլիկի, քանի որ կարծում էր, թե նա հավատարիմ սպասում է իրեն։ Սակայն ազատ արձակվելուց հետո նա տեսավ, որ Վասիլիկը արդեն ուրիշ տղամարդու հետ էր։ Սկզբում նրա մեջ առաջացավ վրեժխնդրության ցանկություն, և նա նույնիսկ ձեռքը տարավ դանակին, բայց հետո հրաժարվեց այդ մտքից և հեռացավ։ Ի վերջո նա վերադարձավ բանտ, քանի որ ազատ կյանքն այլևս իմաստ չուներ նրա համար։ Եթե Վասիլիկը իսկապես սիրեր Զաբուղոյին, ապա կփորձեր փոխել նրա կյանքն ու ճակատագիրը դեպի լավը։ Զաբուղոն բավականաչափ սիրում էր նրան և պատրաստ էր կատարել նրա ցանկացած խնդրանքը։ Սակայն Վասիլիկը չգնահատեց այդ սերը և ընտրեց դավաճանության ճանապարհը։ Այդ ընտրությունը փոխեց ոչ թե Վասիլիկի, այլ Զաբուղոնի ճակատագիրը։ Չնայած իմ կարծիքով, Զաբուղոնը կարող էր մտածել նոր կյանք սկսելու մասին, այլ ոչ թե համարել, որ Վասիլիկն է իր կյանքի միակ իմաստը։ Սակայն կարելի է հասկանալ նրա ապրումները, քանի որ սերը երբեմն այնքան ուժեղ զգացում է, որ մարդուն ստիպում է կորցնել հույսն ու այլևս չտեսնել կյանքի մյուս հնարավորությունները։
Նույն գաղափարը կարելի է տեսնել նաև պատմական հատվածում։ Պետրոս Գետադարձի դավաճանությունը մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն էր։ Նա, փոխանակ պաշտպանելու Հայոց թագավորության շահերը, ընտրեց այնպիսի ճանապարհ, որի հետևանքները զգաց ոչ թե մեկ մարդ, այլ ամբողջ ժողովուրդը։ Նրա անունը պատմության մեջ կապվեց «Ամոթալի կտակ» — ի հետ, որով Անիի թագավորությունը պետք է անցներ Բյուզանդական կայսրությանը Հովհաննես-Սմբատի մահից հետո։ Սակայն Գետադարձը չսահմանափակվեց միայն այդ որոշմամբ․ նա հետագայում նաև Անիի բանալիները հանձնեց Բյուզանդիային՝ իր քայլերը հասցնելով մինչև վերջ։ Եթե չլինեին նրա բյուզանդամետ դիրքորոշումն ու այդ որոշումները, հնարավոր է Անիի թագավորությունը դեռ երկար ժամանակ պահպաներ իր անկախությունը և շարունակեր զարգանալ։ Սակայն նա ընտրեց այլ ճանապարհ, որը վերջնականապես նպաստեց Անիի թագավորության կործանմանը։
Այսպիսով՝ մարդու որոշումները երբեմն ունենում են շատ մեծ հետևանքներ։ Մեկ ընտրությունը կարող է փոխել ոչ միայն անհատի, այլև բազմաթիվ մարդկանց կամ նույնիսկ ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Այդ պատճառով կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ սեփական արարքներին և հասկանալ դրանց հնարավոր հետևանքները։







