Բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Опубликовано 13 марта, 2019

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը բնության միակ մտածող էակն է, նա կարողանում է խոսել , աշխատել, իսկ կենդանիները չեն կարող:

  1. Ինչ  չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Մարդը բնության հետ կախված է նրանով, որ մարդուն պետք է օդ, լույս և ջերմություն:

  1. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Շատ մարդիկ բնությունը կեղտոտում են թափոններով, առանց գիտակցելու, որ նրանք դրա հետ մեկտեղ օգտվում են բնության բարիքներից:

  1. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Մարդը մշակում է հողը, ջրում, ցանում բույսեր և այլն․

Բնագիտություն

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը իր պահանջմունքները  բավարարելու համար:

2.Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Փայտ, երկաթ, ջուր, նավթ։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Սեղան, աթոռ, դաշնամուր՝ պատրաստվել է փայտից: Պատրաստում  է կահույքագործը:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ ,մաքուր պահել :Ես  հոգ եմ տանում բնության պահպանմանը օրինակ՝ երբ տեսնում եմ , որ երեխաները տրօրում են խոտը թույլ չեմ տալիս, եթե աղբ եմ տեսնում՝ միշտ գցում եմ աղբամանը:Դպրոցում ծառեր ենք տնկում և մաքրում տարածքը աղբից: