Մայրենի

«Երեք մայրիների երազը»

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:

Մայրին փշատերև, մշտադալար ծառ է: Հայտնի է 4 տեսակ: Հայաստանի Հանրապետությունում Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի: Հին հայաստանում հարգի էր Փյունիկյան մայրին: Ք. ա. 3-րդ  դարում հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և անվանել   «Ծննդոց անտառ»:Մայրու բնա-  փայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր: Ըստ ավանդության ՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը: Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա:

2.Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:

Ոխերիմ-երդվյալ թշնամի, անողոք

քարավան-բեռներ և մադկանց տեղափոխող ողտերի խումբ

հղկել-տաշելով հավասարեցնել և հաթել

գամ-մեխ

խորհրդանիշ-խոհրդանշան, սիմվոլ

3.Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան:

Ըստ լեգենդի աշխարի ամենահզոր արքան Քրիստոսն էր:

4.Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Երեք մայրիների երազանքները իրականացան Հիսուսի Քրիստոսի շնորհիվ:

5.Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:

Ինձ այս առակը սովորեցրեց, որ պետք է հավատալ Հիսուսին, և մեր երազանքները ուրիշ կերպ կարող են կատարվել:

6.Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:

Ես միշտ աստծուց խնդրել եմ, որ իմ ընտանիքը միշտ առողջ լինի: Երբ մեզանից որևէ մեկը հիվաանդանում էր,  ես տխրում էի: Բայց հետո հասկացա,  որ այդպես, Քրիստոսը մեզ սովորեցնում է  հաղթահարել դժվարությունները, գնահատել առողջությունը: