Մայրենի

Ահմադը 14.02.2022

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Բնագիտություն

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ 14.02.2022

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: