Սեղանի Խաղերի բառարան
Խաղային բառարանում մարդիկ կարող են գտնել սեղանի խաղերի մասին հիմնական տեղեկությունները։ Այնտեղ ներկայացված են խաղերի անունները և դրանց իմաստը, ստեղծման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն, թե ինչպիսի ունակություններ են զարգացնում տվյալ խաղերը մարդու մեջ։
Բացի այդ, յուրաքանչյուր խաղի դեպքում նշվում է, թե հին ժամանակներում ինչպիսի նմանատիպ խաղեր են գոյություն ունեցել։
—
ՇԱԽՄԱՏ՝

Շախմատը հին մտավոր խաղ է, որը ստեղծվել է Հին Հնդկաստանում, մոտավորապես մ.թ. VI դարում։ Այն սկզբում կոչվում էր չատուրանգա, ինչը նշանակում է «չորս զորք» (հետևակ, հեծելազոր, փղեր և մարտակառքեր)։ Խաղը խորհրդանշում էր պատերազմը և ռազմավարությունը։
Հետագայում շախմատը Հնդկաստանից տարածվեց Պարսկաստան, որտեղ այն անվանեցին շատրանջ, իսկ հետո՝ արաբների միջոցով հասավ Եվրոպա։ Ժամանակի ընթացքում խաղի կանոնները փոփոխվեցին և ձևավորվեց այն շախմատը, որը մենք խաղում ենք այսօր։
Շախմատը խաղում են երկու հոգի։ Խաղը անցկացվում է հատուկ տախտակի վրա, որը ունի սև և սպիտակ վանդակներ։ Ամեն խաղացող ունի 16 խաղաքար՝ թագավոր, թագուհի, նավակներ, ձիեր, փղեր և զինվորներ։ Յուրաքանչյուր խաղաքար շարժվում է իր կանոններով։
Խաղի նպատակը հակառակորդի թագավորին մատ անելն է։ Խաղացողները հերթով կատարում են քայլեր, մտածում են առաջ և փորձում են ճիշտ ընտրություն անել։ Խաղի ընթացքում պետք է լինել ուշադիր և համբերատար։
Շախմատը ոչ միայն խաղ է, այլ նաև ուսուցանող զբաղմունք։ Այն օգնում է զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և որոշում կայացնելու կարողությունը։
—————————————
ՆԱՐԴԻ՝

Նարդին մարդկությանը հայտնի ամենահին սեղանի խաղերից մեկն է։ Այն ստեղծվել է մոտ 5000 տարի առաջ, հիմնականում Հին Պարսկաստանում (Իրան)։ Նարդին խաղ է, որը միավորում է և՛ մտածողությունը, և՛ բախտը, քանի որ խաղի ընթացքում օգտագործվում են զառեր։
Նարդին խաղում են երկու խաղացող։ Ամեն խաղացող ունի 15 խաղաքար, և խաղը կատարվում է հատուկ խաղատախտակի վրա, որը բաժանված է 24 մասի։ Զառերի ցույց տված թվերի համաձայն խաղացողները շարժում են իրենց խաղաքարերը։ Խաղի նպատակը պարզ է՝ առաջինը բոլոր խաղաքարերը հանել խաղատախտակից։
Խաղի ընթացքում պետք է մտածել, հաշվարկել քայլերը և փորձել կանխել հակառակորդի առաջխաղացումը։ Երբեմն խաղացողը կարող է «խփել» հակառակորդի խաղաքարին և նրան ստիպել նորից սկսել։ Այդ պատճառով նարդին պահանջում է ուշադրություն, արագ մտածողություն և ճիշտ որոշումներ։
Նարդին շատ հին խաղ է և ունի տարբեր անվանումներ տարբեր երկրներում։ Հին Հունաստանում այն կոչվել է տավլի, իսկ Եվրոպայում տարածվել է միջնադարում։ Հայաստանում նարդին շատ սիրված խաղ է, և այստեղ առավել հայտնի են կարճ նարդին և երկար նարդին։
Նարդին ոչ միայն զվարճալի խաղ է, այլ նաև ուսուցողական։ Այն զարգացնում է հիշողությունը, տրամաբանությունը և համբերությունը։
———————————
ԴՈՄԻՆՈ՝

Դոմինոն սեղանի խաղ է, որը միավորում է մտածողությունը, ուշադրությունը և մի քիչ էլ բախտը։ Այս խաղում օգտագործվում են հատուկ քարեր, որոնց վրա նշված են թվեր կամ կետեր։ Խաղի ընթացքում այդ քարերից կազմվում է շղթա՝ այնպես, որ իրար միանան նույն թվերով կողմերը։
Դոմինոն ծագում է Չինաստանից։ Այն հայտնի էր դեռևս 12–13-րդ դարերում։ Հին Չինաստանում մարդիկ խաղում էին դոմինո՝ քարերով, որոնց վրա կարմիր և սպիտակ կետեր էին։ Ժամանակի ընթացքում խաղը տարածվեց տարբեր երկրներում և հասավ Եվրոպա։ 18-րդ դարում դոմինոն հայտնվեց Իտալիայում, որտեղ էլ ձևավորվեց այն տեսքը, որը մենք գիտենք այսօր։
Դասական դոմինոյի հավաքածուն ունի 28 քար։ Ամեն քար բաժանված է երկու մասի, և յուրաքանչյուր մասի վրա կարող է լինել զրոյից մինչև վեց կետ։ Քարերը սովորաբար պատրաստվում են պլաստմասսայից, փայտից կամ ոսկորի նման նյութերից։
Դոմինոն խաղում են երկուից չորս հոգի։ Խաղի սկզբում յուրաքանչյուր խաղացող ստանում է որոշ քանակով քարեր։ Այն խաղացողը, ով ունի համապատասխան զույգ քար, սկսում է խաղը։ Հետո խաղացողները հերթով քար են դնում՝ փորձելով համապատասխանեցնել թվերը։ Եթե խաղացողը չունի համապատասխան քար, նա պետք է վերցնի պահոցից կամ բաց թողնի իր հերթը։
Խաղի նպատակը հնարավորինս արագ ազատվել բոլոր քարերից։ Երբ խաղացողներից մեկը դնում է իր վերջին քարը, խաղը ավարտվում է, և նա համարվում է հաղթող։ Երբեմն խաղը կարող է փակվել, երբ ոչ ոք չի կարող քայլ անել․ այդպիսի իրավիճակը կոչվում է «ձուկ»։
Դոմինոն ունի շատ տարբեր տեսակներ՝ «Նոխազ», «Ծովային նոխազ», «Հեռախոս», «Չեչևե» և ուրիշներ։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր կանոնները, բայց բոլորը հիմնված են նույն գաղափարի վրա՝ քարերը ճիշտ միացնել և ճիշտ պահին քայլ անել։
——————————
ՄՈՆՈՊՈԼԻԱ՝

Մոնոպոլիան սեղանի տնտեսական և ռազմավարական խաղ է, որը խաղում են երկու կամ ավելի մարդիկ։ Այս խաղը սովորեցնում է, թե ինչպես ճիշտ կառավարել փողը, մտածել առաջ և մրցել մյուսների հետ։ Մոնոպոլիան մեծ տարածում է ստացել 20-րդ դարում և շատ երկրներում հայտնի է նաև այլ անուններով՝ «Բիզնեսմեն», «Մենեջեր», «Կայսրություն»։
Խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում։ 1934 թվականին, Մեծ ճգնաժամի ժամանակ, գործազուրկ ամերիկացի Չարլզ Դարոուն ստեղծեց Մոնոպոլիայի առաջին տարբերակը։ Սկզբում ընկերությունները մերժեցին նրա գաղափարը, բայց Դարոուն չհանձնվեց։ Նա սեփական ձեռքերով պատրաստեց խաղի օրինակներ և սկսեց վաճառել։ Շուտով խաղը շատ սիրվեց, և արդեն 1936 թվականին Մոնոպոլիան դարձավ ամենաշատ վաճառվող խաղը ԱՄՆ-ում։
Մոնոպոլիան խաղում են հատուկ խաղատախտակի վրա, որը բաղկացած է քառակուսի վանդակներից։ Խաղացողները հերթով նետում են խաղոսկրը և առաջ շարժվում այնքան վանդակ, որքան ցույց է տալիս զառը։ Վանդակների մի մասը գույք է կամ ձեռնարկություն, իսկ մյուս մասը՝ իրադարձություն։
Եթե խաղացողը կանգնում է ազատ գույքի վրա, կարող է գնել այն։ Եթե այդ գույքը պատկանում է մեկ այլ խաղացողի, ապա պետք է վճարի նրան։ Իրադարձությունների վանդակներում խաղացողը կարող է գումար ստանալ, գումար կորցնել, տեղափոխվել այլ դաշտ կամ նույնիսկ ընկնել բանտ։
Խաղի նպատակը մեկն է՝ ճիշտ օգտագործելով մեկնարկային գումարը՝ սնանկացնել մյուս խաղացողներին։ Նա, ով կարողանում է գնել նույն գույնի բոլոր գույքերը, դառնում է մոնոպոլիստ և ավելի շատ եկամուտ է ստանում։ Այդ պատճառով խաղում շատ կարևոր է մտածված ռազմավարությունը։
Մոնոպոլիան զարգացնում է տրամաբանությունը, հաշվարկը, ֆինանսական մտածողությունը և համբերությունը։ Այսօր Մոնոպոլիան ունի նաև բազմաթիվ համակարգչային և առցանց տարբերակներ, և աշխարհում այն խաղացել է ավելի քան կես միլիարդ մարդ։









