Ժամանակի տարբեր փուլերում հասարակության մեջ ձևավորվել են գաղափարներ, որոնք նպատակ ունեին փոխել մարդկանց մտածողությունը, բարձրացնել կրթության մակարդակը և նպաստել ազգային առաջընթացին։ Սակայն այդ գաղափարները միշտ չէ, որ անմիջապես կյանքի են կոչվել, քանի որ դրանց իրականացման համար անհրաժեշտ էին թե՛ հասարակական պատրաստվածություն, թե՛ համապատասխան պայմաններ։
Նույնիսկ ամենաառաջադեմ գաղափարները կարող են չիրականանալ, եթե բացակայում են դրանց իրականացման համար անհրաժեշտ պայմաններն ու աջակցությունը։
Դա կարող ենք տեսնել «Առաքյալը» ստեղծագործության մեջ։ Կամսարյանը մեծ վստահությամբ ու ոգևորությամբ որոշեց իր կյանքը նվիրել գյուղին և օգնել գյուղացիներին՝ հավատալով, որ իր կրթությամբ կարող էր փոխել նրանց կյանքը։ Նա ծրագրեց գյուղ գնալ, զբաղվել լուսավորական գործունեությամբ և իր միջոցները օգտագործել այդ նպատակով։ Սակայն իրականության մեջ նա բախվեց դժվարությունների և չկարողացավ հարմարվել գյուղական կյանքի պայմաններին։ Արդյունքում Կամսարյանը հրաժարվեց իր գաղափարներից և չիրականացրեց իր սկսած գործը։
Նույն երևույթը կարելի է տեսնել Մադրասի ազատագրական խմբակի գործունեության մեջ։ Նրանք ցանկանում էին կրթել ժողովրդին, բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը և նախապատրաստել ազատագրական պայքարի հիմքերը։ Սակայն այդ ծրագրերը անմիջապես կյանքի չկոչվեցին, քանի որ ժամանակի քաղաքական և հասարակական պայմանները դեռ պատրաստ չէին դրանց իրականացման համար։ Բայց չնայած դրան՝ Մադրասի խմբակի գաղափարներն ու գրքերը, որոնք ուղարկվում էին հայրենիք, պահպանեցին լուսավորական միտքը և հետագայում կյանքի կոչվեցին այլ մարդկանց կողմից։
Այսպիսով՝ այս ամենը մեզ հիշեցնում է, որ լուսավոր գաղափարների հաջողությունը կախված է ոչ միայն դրանց արժեքից, այլև մարդկանց պատրաստակամությունից, համառությունից և ժամանակի պայմաններից։ Եթե դրանք բացակայում են, նույնիսկ ամենաօգտակար գաղափարները կարող են երկար ժամանակ մնալ անկատար։

