Գրականություն

Ամպրոպից հետո – Հ․ Սահյան

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո բնությունը մաքրվում է, օդը թարմանում է և մեզ ամեն ինչ ավելի ընդգծված է թվում։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, հասկանալի աշխարհ։

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

«Ավելի» և «ամպրոպից հետո»։ Ավելի ընդգծված են դարձնում բանաստեղծի ասելիքը ։

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմաստն այն է , որ անձրևից հետո ամեն ինչ մաքրվում է ու հասկանալի է դառնում։

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

հավք – թռչուններ

խոնարհ – համեստ

տափաստան – բաց տարածություն