Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:
Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաներին հաճոյանալը ամենահեշտ բանն է:
Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:
Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…
Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…
Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Եթե կարող եք՝ սովորեցրեք ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին:
Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն որակները:
Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է՝ իմ որդին…
Առաջադրանքներ՝
Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։
Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։
Լինկոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ բերեցին Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865 թ.-ների Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նրա նախագահական գործունեությունը ամրապնդել է գործադիր իշխանությունը և վերացրել է ստրկությունը ԱՄՆ-ի տարածքում։ Լինկոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ[17]։ Նախագահը պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանեց Մեծ Բրիտանիային և այլ եվրոպական երկրներին ինտերվենցիայից։ Նրա նախագահության տարիներին կառուցվեց միջցամաքային երկաթգիծը, ընդունվեց ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը։ Լինկոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչել են բոլորին և վառ ժառանգություն են համարվում մինչև հիմա[18][19]։ Պատերազմի ավարտից հետո առաջարկել է չափավոր վերակառուցման պլան՝ կապված ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու հետ։ Հանդիսացել է ամերիկյան հասարակություն՝ սևամորթների ինտեգրման կողմնակիցը։ 1865 թ.-ի ապրիլի 14-ին Լինկոլնը մահացու վիրավորվեց թատրոնում և պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի առաջին սպանված նախագահ։ Համաձայն համընդհանուր տեսակետին և սոցհարցումներին՝ նա առաջվա պես մնում է Ամերիկայի ամենալավ և ամենասիրված նախագահներից մեկը՝ չնայած իր նախագահության տարիներին ենթարկվել է սուր քննադատության:
Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։
- Սովորեցրեք մեզ ճանաչել և տարբերակել լավն ու վատը։
- Սովորեցրեք մեզ գնահատել սեփական աշխատանքը, բայց չվաճառվել։
- Սովորեցրեք մեզ հաճույք ստանալ, թե՛ խաղից, թե՛ աշխատանքից, թե՛ հաղթանակից։
- Սովորեցրեք մեզ սիրել գեղարվեստական գրականությունը։
- Սովորեցրեք մեզ սիրել բնությունը ու մտորել բնության գրկում։
- Սովորեցրեք մեզ , մեր անհաջողությունները թաքցնելու համար չխաբել, կամ մեղքը ուրիշի վրա չբարդել։
- Սովորեցրեք մեզ, հասկանալ մեր սխալները և օգուտ քաղել նրանցից, որ այլևս չկրկնվեն։
- Սովորեցրեք մեզ, լսել մարդկանց, բայց այնտեղից վերցնել միայն լավը , բարին ու ազնիվը։
- Սովորեցրեք մեզ, արցունքների միջից ժպտալ։
- Սովորեցրեք մեզ, քաջ լինել, անհանդուրժող լինել վատ բաների հանդեպ ու լինել համբերատար։