Ճամփորդություններ, Շարադրություններ

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք հոկտեմբերի 17-ից 19-ը ճամփորդել ենք դեպի Արատես՝ ընկեր Տաթևի հետ։ Դա իմ առաջին այցելությունն էր, և ես չգիտեի՝ ինչպես է անցնելու։

Մինչ մեկնելը Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգության, հետո տեղավորվեցինք ավտոբուս: Ես արդեն կարոտում էի իմ ծնողներին:

Ճանապարհը երկար էր, բայց ես դիտում էի գեղեցիկ բնությունը։ Մենք անցանք Երևանով, Արտաշատով, Երասխով, Արենիով, Գետափով, Եղեգիսով ու Հերմոնով։ Հասանք Զորաց եկեղեցու մոտ։

Ընկեր Տաթևը մեզ պատմեց, որ Զորաց եկեղեցին շատ հին է, ստեղծվել է 14-րդ դարում։ Այն իրոք յուրահատուկ էր եղել, քանի որ զինվորները այնտեղ գնում էին աղոթելու, երբ պատերազմ էին գնում։ Եկեղեցին բաց է, որպեսզի զինվորները կարողանային ձիերով մտնել ու բարեմաղթանք ստանալ։

Երբ վերջապես հասանք Արատես, ուսումնասիրեցինք տարածքը: Ծանոթացանք խոհանոցին, աղջիկների և տղաների հատուկ տնակներին, և նաև տեսանք, թե որտեղ է խարույկը։

ՕՐ 1

Երբ մենք տեղավորվեցինք և հանգստացանք, մեզ կանչեցին խարույկի մոտ՝ առաջին բուժօգնության պարապմունքը սովորելու համար։ Առաջին բուժօգնության պարապմունքի ժամանակ մեզ ցույց տվեցին, թե ինչպես օգնել, եթե ինչ-որ մեկը տուժի՝ օրինակ, կրակոցից կամ այլ վնասվածքից։ Սովորեցինք, թե ինչպես ճիշտ կապել որոշ վերքերը կամ կանգնեցնել արյունահոսությունը:

Բուժօգնության պարապմունքը վերջանալով, մենք գնացինք խաղալու՝ վոլեյբոլ, բադմինթոն, ֆուտբոլ և այլ մարզական խաղեր: Իսկ երեկոյան մեզ սպասում էր քաղցրավենիքով և համեղ ուտելիքներով լավ նախաճաշ։

Քնելու ժամանակ պետք էր քնել, չէ՞: Բայց մենք աղջիկներով ունեինք ուրիշ պլան՝ չքնել, որը մեր մոտ չհաջողվեց: Մենք ԱՅՆՔԱՆ հոգնեցինք, որ վերջիվերջո հերթով սկսեցինք քնել։

ՕՐ 2

Այս օրը շատ հետաքրքիր անցավ։ Առավոտյան արթնացանք, արագ հագնվեցինք, լվացվեցինք ու պատրաստվեցինք նախավարժանքի համար։ Դրսում բավական հով էր, բայց ոչ այնքան, որ սառչեինք՝ ճիշտ միջինը՝ «շատ էլ չէ, բայց հով է»։ Մարզանք անելուց հետո գնացինք նախաճաշելու:Հետո բոլորս արագ շտապեցինք մեր սենյակները՝ նորից պառկելու մեր պուպուշ, փափուկ անկողնիներում փոքր-ինչ հանգստանալու համար: Մի քիչ ժամանակ անցավ, և մեզ կանչեցին զենքով կրակելու համար: Մենք հավաքվեցինք և մեզ բացատրեցին, թե ոնց պետք է ճիշտ կրակել, որպեսզի հարվածի թիրախին: Բոլորս լավ կրակեցինք, բայց եկեք նշեմ, որ աղջիկները ավելի լավ կատարեցին իրենց գործը քան թե տղաները (գուցե աղջիկները գնան բանակ տղաների տեղը):

Դրանից հետո մենք բոլորս դուրս եկանք քայլարշավի՝ դեպի հյուսիսային ջրվեժ և Արատեսի անտառ։

Արատեսի անտառում մենք նույնպես վարժանք ունեցանք՝ վարժական զենքերով (բայց ոչ իրական): Մենք բաժանվեցինք թիմերի, և յուրաքանչյուր թիմ պետք է ուղիղ գծով քայլեր կատարեր անտառում, ուշադիր հետևելով կրակոցներին: Առջևում կանգնած ղեկավարը հրահանգում էր՝ երբ պառկել կրակից պաշտպանվելու համար և երբ շարունակել քայլելը: Երբ լսում էինք կրակոց, միանգամից պառկում էինք գետնին՝ զենքը ձեռքում պահած: Վարժանքն ավարտվելուն պես մեզ խնդրեցին հավաքել փայտ խարույկի համար, և մենք փայտ հավաքելով հետ գնացինք խարույկի մոտ:

Երեկոյան մենք կրկին հավաքվեցինք խոհանոցում ճաշելու, բայց որոշեցինք նաև փանքեյքեր թխել։ Ես շատ ուրախ էի, երբ ինձ ասացին, որ ես էլ կարող եմ մասնակցել փանքեյքեր թխելուն։ Թխեցինք, կերանք, լավ քաղցր քեֆ արեցինք: Բայց սա դեռ վերջը չէ: Բա՞ խարույկը:

Երբ արդեն մթնեց, բոլորս հավաքվեցինք վառված խարույկի մոտ և սկսեցինք դիտել շուրջը, լսել պատմություններ ու կիսվել տպավորություններով։

ՕՐ 3

Արդեն եկավ օրը, երբ պետք էր վերադառնալ և ստացվելով Արատեսին ասել «ցտեսություն»։ Առավոտյան հավաքեցինք մեր իրերը և պատրաստվեցինք ճանապարհ ընկնելուն։ Մինչ Երևան հասնելը, ճանապարհին կանգ առանք Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ:

Մեզ ընկեր Տաթևը պատմեց, որ Սուրբ Հակոբ եկեղեցին շատ հին է՝ կառուցվել է մոտ 12-րդ դարում։ Այն անվանվել է Սուրբ Հակոբ առաքյալի անունով։ Տեղացիները հավատում էին, որ այնտեղ արված աղոթքները միշտ լսվում են։ Եկեղեցին կանգուն է մինչև հիմա, և մարդիկ հաճախ են գալիս այնտեղ մոմ վառելու ու խաղաղություն խնդրելու։

Այս ճամփորդության ընթացքում շատ նոր բաներ սովորեցի զինվորական հնարքներից, և նաև շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ ընկերների հետ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Տաթևին, որ այդ 3 օրը ինձ համար դարձրեց անմոռանալի ու շատ հետաքրքիր։