Գրականություն

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի», «Ես կուզեի», «Առաջին սերս»

Ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Հեղինակը այս բանաստեղծությունով ցույց է տալիս, որ մարդու մահից հետո աշխարհը չի փոխվում՝ այն շարունակում է իր ընթացքը: Եվ այդպես ոչ մեկի մահը ոչ մի բան չի փոխում: Գուցե մի որոշ ժամանակ տխրեն հարազատները, բայց միևնույն է, նորից նոր լույս կվառվի և ամեն ինչ կմոռացվի:

———

Ես կուզեի

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Իմ կարծիքով հեղինակը փորձում էր տալ իր պատկերացումը սիրո և ընտանիքի մասին: Նա ուզում էր կիսվել ամեն ինչով, քանի որ այդպես էր պատկերացնում սերն ու ընտանիքը: Բայց սրտում վախ կար, որ չէր գտնելու այդ մեկին:

———

Առաջին սերս

Առաջին սերս ձնծաղիկի պես 
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց, 
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց 
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի. 
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, 
Առավ համբույրը ոսկեղեն շողի 
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ, 
Ծանոթ էր արդեն արևի ուժին, 
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, 
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Այս բանաստեղծության մեջ հեղինակը ներկայացնում է իր սիրո երեք փուլերը: Իմ կարծիքով խոսքը մանկական, պատանեկական և հասուն սիրո մասին է: Առաջին դեպքում այն արտահայտվում է ժպիտներով, երկրորդ դեպքում ժպիտը փոխվում է ծիծաղի, համբույրի ու այդքանով ավարտվում, իսկ երրորդ արդեն հասուն, գայթակղող, այրող, ծակող սիրո մասին է: