Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Գրաբար
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
կաքաւ մի – մի կաքավ
մի սպանաներ – մի սպանիր
զբազում կաքաւս – շատ կաքավներ
յականատս քո – քո թակարդը
ի ձեռաց իմոց – իմ ձեռքից
զսիրելիս եւ զազգականս քո – քո սիրելիներին և ազգականներին։
3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդն կալաւ կաքաւ մի։
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
4. Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդը և կաքավը
Որսորդը մի կաքավ բռնեց և ուզում էր մորթել: Եվ կաքավն ասաց.
— Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավների ու կգցեմ քո թակարդները:
Եվ որսորդն ասաց.
— Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքից, քանի որ ուզում ես, քո սիրելիներին ու ազգականներին մատնես մահվան։
5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին):
Կաքավը չար, եսասեր, մորթապաշտ, զգացմունքներ չունեցող էր։
6. Ի՞նչ է ցույց տալիս առակը:
Առակը ցույց է տալիս, որ չարակամ արարքը կամ խոսքը ունենում է չար ավարտ։