Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
Հարցեր և առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:
Ընկղմվել-Խոր տեղում տեղավորվել, մխրճվել, թաղվել
փառավոր-Փառքի՝ փառաբանության արժանի, գովելի, նշանավոր, փառահեղ
այլանդակ-Անսովոր, օտարոտի, անճոռնի, տգեղ
շուշաբանդ- Ապակիներ գցած, ամբողջապես ապակիներով պատած
սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն խեժ
փարատել-ցրել, հեռացնել, վերացնել, վանել
ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:
- Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:
գցել-բարձրացնել, վերցնել
գեղեցկություն-այլանդակություն, տգեղություն
հրեշտակ-սատանա
խարդախություն-ազնվություն
ննջել-արթնանալ:
- Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:
Նա սպանեց եղեգնուհուն , իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին:
- Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:
Եղեգնուհին միամիտ գտնվեց , որ բոշային ասաց , որ թագավորը գալու է իր ետևից : Նա էլ հակառակը՝ խորմանկ գտնվեց և սպանեց եղեգնուհուն՝ զբաղեցնելով նրա տեղը :
- Նկարագրեք Եղեգնուհուն:
Եղեգնուհին նուրբ , գեղեցիք և միամիտ էր:
- Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:
Երբ որ նրան սպանել էին, նա դարձեր է հրաշալի ձուկ: